ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ԾԵՐ, ՀԻՎԱՆԴ, ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿ, ԱՆՏՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑՎՈՒՄ»

«ԾԵՐ, ՀԻՎԱՆԴ, ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿ, ԱՆՏՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑՎՈՒՄ»
22.12.2009 | 00:00

Ավանդույթի համաձայն` նախագահի վերահսկողական ծառայությունը մեկ տարի վերահսկում-վերստուգում ու միայն տարեվերջին է ամփոփում արձանագրած խախտումները։ Այս տարին ևս բացառություն չէր։ Ծառայության ղեկավար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ լրագրողներին տեղեկացրեց, որ 2009-ին նախագահին է հասցեագրվել շուրջ 15 հազար դիմում, որից 4270-ը դրական պատասխան են ստացել (այսինքն` այդքան նամակ բացվել է)։ Նախագահին են դիմում անգամ այսպիսի հարցերով. «Վերևի հարևանն աղմկում է ու ինձ խանգարում»։ Վերահսկողական ծառայությունը նախագահի հանձնարարությամբ ստուգումներ է անցկացրել մի շարք նախարարություններում, պետեկամուտների կոմիտեում, ճանապարհային ոստիկանությունում, պետգույքի կառավարման վարչությունում և այլն։
Առավել ուշագրավ են պետեկամուտների կոմիտեում հայտնաբերված խախտումները։ Նախ` ՀԴՄ կտրոն չկիրառելու արտոնյալ վիճակում են հայտնվել զվարճանքի օբյեկտները` խաղատները, ինչպես նաև շուրջօրյա գործող դեղատները, սննդի օբյեկտները և այլն։ Կոմիտեի երևակայությունը սահմաններ չի ճանաչում։ «Ծեր, հիվանդ, անաշխատունակ, անտուն մարդկանց անուններով կազմակերպություններ են գրանցվում, որոնք զբաղվում են անօրինական գործարքներով։ Երբ հարցնում ես այդ մարդկանց` ինչո՞վ ես զբաղվել, ասում են` չենք հիշում...»,- նշեց Հովսեփյանը` հավելելով, թե պատժվելու են ոչ միայն այս մարդիկ, այլև նրանց «հետևում կանգնածները»։ Կան նաև կազմակերպություններ, որոնք տարիներ շարունակ կոմիտեի կողմից չեն ստուգվում, ուստի հսկայական պարտքեր են կուտակել։ Չունենալով գույք` վերջիններս սնանկ են ճանաչվում` պետությանը հասցնելով միլիարդավոր դրամի վնասներ։
Ճանապարհային ոստիկանության «բազմաչարչար» գործունեությունը ևս վերահսկողական ծառայության տեսադաշտում է եղել։ Տասնյոթ տեսուչ է պատժվել։ Ոստիկանությունը շուրջ 33 մլն դրամ խախտումներով գնումներ է կատարել, համապատասխան պաշտոնատար անձը պատասխանատվության է ենթարկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, որոնցից մեկն առնչվում է փրկարարական ծառայություններին։ Պարզվում է, Սևանի փրկարարական տարածքում հանգստյան տուն է գործում։ Ավելին, նախարարության տարածքները ցանկապատվել են, ու նրանց մուտքն այդտեղ այլևս անհնար է։
Տրանսպորտի և կապի նախարարությունն էլ աչքաթող է արել ավտոկայանները, որոնց տարածքում գործում են ռեստորաններ, մթերային խանութներ (Իջևան, Սևան)։ Այնքան բարձիթողի վիճակ է ստեղծվել, որ Երևանի կենտրոնական ավտոկայանը բանկերից մեկում գրավ է դրվել 630 հազար դոլարի դիմաց, այնինչ դրա գույքն արժե շուրջ 4 մլն դրամից ավելի։ Այս դեպքի առնչությամբ նախագահը խստորեն հրահանգել է ավտոկայանը հանել գրավադրումից, իսկ տնօրենը հեռացվել է աշխատանքից։
Վերջում նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը հավաստեց, որ որևէ ստուգում քաղաքական ենթատեքստ չունի, իսկ ծառայության վրա ճնշում գործադրել հնարավոր չէ։ «Կա՞ էդպիսի մարդ, որ նախագահի վերահսկողական ծառայության վրա ճնշում գործադրի»,- զարմանքով նկատեց Հովհաննես Հովսեփյանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1664

Մեկնաբանություններ